Համայնքների պալատի պատգամավոր Ֆիոնա Օնասանյան դարձել է գրեթե 30 տարվա ընթացքում առաջին գործող բրիտանացի խորհրդարանականը, որը դատապարտվել է բանտարկության, տեղեկացնում է BBC-ին:
2017 թվականի հուլիսին պատգամավորի ավտոմոբիլը հայտնվել էր ոստիկանական տեսախցիկների տեսադաշտում, երբ ժամում 66 կիլոմետր արագությամբ ընթացել էր այն գոտում, որտեղ արգելված է ժամում 50 կիլոմետրից արագ երթևեկությունը:
Անասանյան իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ թեև ավտոմոբիլն իրականում պատկանել է իրեն, բայց այդ պահին ղեկի առջև եղել է այլ մարդ: Նա հեռացվել է Լեյբորիստական կուսակցությունից այն բանից հետո, երբ դատարանը նրան մեղավոր է ճանաչել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փորձի մեջ: Նա երեք ամսվա բանտարկության է դատապարտվել այն բանից հետո, երբ մեղադրող կողմը ներկայացրել է ապացույցներ, որ Օնասանյան ոչ միայն ինքն է գտնվել ղեկի առջև, այլև տեքստային հաղորդագրություններ է փոխանակել արագությունը գերազանցելու պահին:
Այս հարյուրամյակում սա առաջին դեպքն է, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործող պատգամավորը բանտային պատիժ է ստանում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1991 թվականին, երբ պատգամավոր Թերի Ֆիլդսը 60 օրվա բանտարկության է դատապարտվել ընտրական հարկը չվճարելու համար: