«Գործընթացը հեղափոխություն անվանել դեռ վաղ է: ՀՀ-ում դասական իմաստով տեղի է ունեցել իշխանափոխություն»,- «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարում է պատմաբան, մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը: Ըստ բանախոսի՝ կարևոր է, որ կլանային համակարգի հեռացումը քաղաքական կյանքից ունենա իր դրական ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում: Իշխանությունը, ըստ մանկավարժի, առայժմ դանդաղկոտ է: Դրական փոփոխությունն, ըստ նրա, այն է, որ Ս. Սարգսյանը հեռացել է: Խորհրդարանը լեգիտիմ է, բայց ինչ է բերել այդ լեգիտիմությունը՝ կտեսնենք:
«Կան պատեհապաշտներ, որոնք նախկինում այլ կուսակցությունների քարոզով են զբաղված եղել: 30-32 տարեկան են, բայց արդեն իսկ հասցրել են քաղաքական տարբեր հոսանքներ փոխել: Հույս ունեմ, որ Փաշինյանը կունենա կամք այդ կադրերից ազատվելու համար»:
Թոքմաջյանն անհրաժեշտ է համարում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը:
«Եթե Փաշինյանը չձեռնարկի սահմանադրական փոփոխություններ, դա կնշանակի, որ ինքն ու Ս. Սարգսյանը նույն չափի հագուստ են հագնում: Մեր նպատակը խանգարելը չէ, օգնելն է, երկնքից իջեցնելը: Ոչինչ չեն արել երկինք բարձրանալու համար: Քայլել են, բոլորս ենք քայլել, ոմանցից էլ երկար, 11 երկար տարիներ, «դուխով» կեպկա չենք դրել, հազար ներողություն, կեպկա դնել չենք սիրում»,- ասում է պատմաբանը:
galatv.am