Հայաստանում հունվարի 30-ին գործարկվել է արևելյան հացամթերքի արտադրամաս: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Կատարվել է 225 000 դոլարի ներդրում: Առաջիկա 3 տարում նախատեսվում է ևս 150 000 դոլարի ներդրում իրականացնել»,- ասվում է գրառման մեջ:
Հրապարակված տեսանյութում «Գոլդեն Բեյքերի» ընկերության գլխավոր մենեջեր Մհեր Ծատուրյանը ներկայացրել է հացի պատրաստման գործընթացը:
«Ռիվիերա կապիտալ»-ի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը նշել է, որ սա նորություն է Հայաստանում: «Կա պահանջարկ թե՛ տեղական, արևելյան խոհանոց ունեցող ռեստորաններից, թե՛ հայրենադարձ սիրիահայերի ու լիբանանահայերի կողմից: Այդ պահանջարկը սրանով բավարարում ենք: Սա սկիզբն է մեր գործունեության: Նախանձախնդիր ենք, որ շուտով ավելացնենք մեր արտադրանքը»,- հայտնել է նա:
Արտադրողները մտադիր են արտադրանքը հետագայում արտահանել Թբիլիսի, ապա ավելի մեծ շուկաներ: