«Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ֆիլմ է թողարկելու The Beatlesբրիտանական հայտնի խմբի մասին, և այն կոչվում է «Let It Be». այս մասին հայտնում է BBC-ն:
Օսկարակիր ռեժիսորը ֆիլմում ընդգրկելու է հատվածներ 55 ժամ տևողություն ունեցող տեսանյութերից, որոնք նախկինում երբեք չեն հրապարակվել: Հոլովակները նկարահանվել են 1969թ.-ին՝ խմբի վերջին ձայնասկավառակի՝ «Let It Be»-ի ստեղծման ու ձայնագրման ընթացքում:
Իր պաշտոնական հաղորդագրության մեջ, Ջեքսոնը ֆիլմը նկարագրել է որպես մի աներևակայելի «ճամփորդություն», որի մասին խմբի երկրպագուները երկար ժամանակ երազել են:
«Կթվա, որ ժամանակի միջով ճամփորդում եք 1969թ. ու տեսնում՝ ինչպես են 4 ընկերներ իրենց երաժշտական ստուդիայում միասին հիանալի երաժշտություն ստեղծում: Ջոնին, Փոլին, Ջորջին ու Ռինգոյին միասին տեսնելը հիանալի է, ուժ տվող, ծիծաղելի ու զարմանալիորեն մտերմիկ»,- ասել է ռեժիսորը:
Այդ տարիներին The Beatles-ն այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում էմոցիոնալապես և կարծիք կա, որ խմբի անդամները միմյանց հետ կռիվների մեջ էին: Այս մասին խոսելով ռեժիսորն ասել է, որ դրամա իհարկե կա, սակայն դա շատ տարբեր է մարդկանց պատկերացրածից:
Նշենք՝ 1960-ականներին The Beatles խումբը փորձեց «Մատանիների տիրակալը» գրքաշարի հիման վրա ֆիլմ նկարահանել, սակայն հեղինակ Ջ.Ռ.Ռ Թոլքինը չհամաձայնեց նրանց հանձնել գրքաշարի հեղինակային իրավունքները: Ըստ տեղեկության՝ Ջոն Լենոնը ցանկանում էր մարմնավորել Գոլումին, Փոլ ՄաքՔարթնին՝ Ֆրոդոյին, իսկ ռեժիսորն էլ՝ Սթենլի Կուբրիկը պետք է լիներ: