Առնվազն 21 մարդ է մահացել ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում հաստատված սառնամանիքների պատճառով: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Ոմանք մահացու ցրտահարվել են փողոցներում ու իրենց տներում, մյուսները զոհվել են բքով պայմանավորված վթարների ու դժբախտ պատահարների հետևանքով:
Մրսած ու ցրտահարված հարյուրավոր մարդիկ են տեղափոխվում հիվանդանոցներ: Ռոքֆորդում (Իլինոյսի նահանգ) ջերմաչափերի սյունն իջել է մինչև ռեկորդային մինուս 34 աստիճան: Չիկագոյում նույնպես օդերևութաբանական դիտարկումների հարյուրամյա պատմության ռեկորդ է գրանցվել՝ մինուս 29 աստիճան: Վիսկոնսինի նահանգի Մեդիսոնում հունվարի 31-ին մինուս 32 աստիճան էր:
Չիկագոյում գրասենյակների մեծ մասը հունվարի 31-ը ոչ աշխատանքային օր էր հայտարարել, ընդհատումներ են դիտվել Էլեկտրականության և ջրի մատակարարման գործում, ինչպես նաև տրանսպորտում: Չեղարկվել են հազարից ավելի ավիաչվերթներ: Հինգշաբթի երեկոյան ցիկլոնը շարունակել է շարժվել դեպի արևելք, Արևմտյան Նյու Յորքում ավելի քան 50 սանտիմետր ձյուն է տեղացել:
Արդեն հանգստյան օրերին սառնամանիքներից տուժած նահանգներում կտրուկ տաքացում է սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա ըստ Ցելսիուսի միանգամից 27 աստիճանով: