Ռուսաստանում մեկնարկել է Մոսկվա Օփեն խոշոր միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում են 15-ից ավելի մրցաշարեր:
Ընդհանուր առմամբ մրցաշարերին կմասնակցեն շուրջ 2000 շախմատիստներ: Փառատոնի A, B և C մրցաշարերի մասնակիցների թվում են Հայաստանի 17 պատվիրակներ: Գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում է 198 շախմատիստ 19 երկրից, այդ թվում՝ 19 գրոսմայստեր: Այս մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի 6 պատվիրակ:
6-րդ տուրից հետո աղյուսակը 5.5 միավորով միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ Սերգեյ Խանինը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով իր ակտիվում գրանցել է 4 միավոր:
B մրցաշարում, որում հանդես են գալիս միայն կանայք, աղյուսակը 6 հնարավորից 6 միավորով գլխավորում է Եկատերինա Գոլցևան: Հայաստանի ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը վաստակել է 3, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ 2.5 միավոր:
C մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը՝ պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը 5.5 միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները, Վահագն Խաչատրյանը և Արթուր Ղարագյոզյանը առաջատարներից ետ են մնում կեսական միավորով: