Շիրակի մարզում դեկտեմբերի 4-ին վթարված Սու-25 մարտական ինքնաթիռի սև արկղից ստացվել է տվյալներից մեկը, բայց դա չի նշանակում, որ ողջ տվյալների ուսումնասիրությունն ավարտվել է, քանի որ նման տվյալները շատ են։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վթարված Սու-25 ի սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում, որ ողջ տվյալների ուսումնասիրությունն ավարտվել է։ Նման տվյալները շատ են։ Կա քննություն իրականացնող մարմին, որը ավարտելով քննությունը ըստ անհրաժեշտության կհայտնի արդյունքները»,- գրել է նա:
Մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը։ Նշանակվել են փորձաքննություններ: