Ապրել այն կնոջ հետ, ում չես սիրում, շատ ավելի հարմար է, հանգիստ ու հեշտ, քան նրա հետ, ում հանդեպ տածում ես անսահման սեր։
Չսիրած կնոջ բոլոր քմահաճույքները քեզ քիչ են հուզում։
Եթե նա գիշերը բալի հյութ է ուզում, դու հանգիստ գնում ես խոհանոց ու նրա համար մի բաժակ հանքային ջուր ես լցնում՝ շատ հանգիստ քնած խղճով։
Դու քեզ մեղավոր չես զգում, երբ փոխանակ լսես նրա պատմությունն այն մասին, թե ինչ է եղել աշխատավայրում, դու նրա թիկունքում մի ականջով որսում ես հեռուստատեսային լուրերը։
Նրա վիրավորվածությունն ու նեղացածությունը քեզ գրեթե ոչինչ չեն ասում, ներողություն խնդրել ու հաշտվել նա ստիպված է առաջինն անել։ Չէ՞ որ հաշտեցում միշտ փնտրում է ոչ նա, ով մեղավոր է, այլ նա, ով ավելի խորն է վիրավորված։ Իսկ դա կրկին ամրապնդում է քո դիրքերը հարաբերությունների մեջ։
Դու չես վախենում նրան կորցնելուց ու միանգամից ավելի ուժեղ ես դառնում՝ կախված չլինելով ձեր ընդհանուր ապագայից, ինչը կրկին քեզ կնոջ նկատմամբ իշխանություն է տալիս։ Չէ՞ որ այդ ազատությունը նրանց զենքն է, որի ուրվականով շատ տղամարդկանց նրանք հեշտորեն հնազանդեցնում են իրենց։
Դու չես հիասթափվում։
Նրա անհաջողությունները, սխալները, սայթաքումները քեզ քիչ են հուզում։ Դա նրա կյանքն է։ Իհարկե, եթե նա քեզնից օգնություն խնդրի, դու չես մերժի։ Բայց եթե նա 3-րդ անգամ տապալի հերթական քննությունները, դու չես տխրի, դեռ ավելի լավ, ավելի շատ ուշադրություն կդարձնի տանը։
Դու չես խանդում։
Եթե ինչ-որ մեկը նրան ուշադրության նշաններ է ցույց տալիս, դու միայն սառը, անհաղորդ կերպով հետևում ես նրա վարքագծին՝ քննության առնելով նրա բարոյականությունը։ Եվ Աստված չանի, որ նա այդ քննությունը պատվով չհանձնի կամ բավականին վստահ դա չանի, այդ ժամանակ սառը գլխով «խանդելը», կատաղությունը կառավարելը շքեղ արվեստ ու հաճույք են։
Ձեր հարաբերություններն ասես քրոջ հետ ընկերության ու անբարոյականի հետ թոշակառուի սիրային կապի տարօրինակ խառնուրդ լինեն։
Ձեզ համար հարմարավետ է երկուսով, դուք միշտ իրար հետ խոսելու բան ունեք, դուք քիչ եք վիճում։ Իսկ երբ բանը հասնում է անկողնուն, ապա ամեն ինչ անցնում է սովորականի պես ձանձրալի, հանգիստ, ճիշտ է, փոքր-ինչ ուտիլիտար ու դեպքից դեպք։ Բայց մերձեցման այդ ոչ հաճախականությունը նման դեպքերում միայն հարմար է։ Միևնույն է, ավելի մեծ կիրք չկա, ու սեքսից դու ոչինչ առավել չես սպասում, քան ստանալ քո ֆիզիոլոգիական հաճույքի չափաբաժինը։
Այդպես կարելի է ապրել տարիներով։ Բայց քեզ երբեմն ճնշում է, կոկորդդ սեղմում է անիմաստության ու փակուղու զգացողությունը։
Մի՞թե ողջ կյանքդ դրա համար էր։
Եվ նայելով նրա աչքերին՝ ուզում ես ողջ ուժով գոռալ՝ կանգ առ։ Դու ի՞նչ ես անում։ Հեռացիր, կյանքդ ինձ վրա մի վատնիր։ Ես վատը չեմ, չար չեմ, քո թշնամին չեմ, բայց ես պարզապես քեզ չեմ սիրում։ Ես քոնը չեմ։ Բայց նրա աչքերում սարսափ չկա, նա չի լսում քո ճիչը, նա քեզ հավատում է։ Ու դու լռում ես։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը