Այսօր Քաղցկեղի (չարորակ նորագոյացությունների (ՉՆ)) դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 2005-ին՝ «Քաղցկեղի դեմ պայքարի» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ և կրում է ամենամյա բնույթ:
Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ՉՆ հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը: ՉՆ առաջացումը ժառանգական գործոնների և արտաքին քաղցկեղածինների, ինչպես նաև վարքագծային ու կենսաբանական գործոնների փոխազդեցությունների արդյունք է, որի ժամանակ նորմալ բջիջները վերափոխվում են ուռուցքայինի։
2018-ին աշխարհում ՉՆ-ից մահացել է 9.6 մլն մարդ` մահվան դեպքերի գրեթե 70%-ը գրանցվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում (այդ թվում՝ Հայաստանում)։ Մահվան դեպքերի գրեթե մեկ երրորդը պայմանավորված է բնակչության վարքագծով և առողջության վրա հիմնական ռիսկի գործոնների վնասակար ազդեցությամբ, մասնավորապես՝ ծխախոտի և ալկոհոլի օգտագործում, անառողջ սննդակարգ, ավելցուկային քաշ/ճարպակալում և ֆիզիկական թերակտիվություն:
Ծխախոտի օգտագործումը ՉՆ-ի, մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է: Ամբողջ աշխարհում ՉՆ մահացության մոտ 22%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ, իսկ 10-15%-ը` ծխախոտի երկրորդային ծխի վնասակար ազդեցությամբ: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ՉՆ-ի դեպքերի 25%-ը պայմանավորված է քաղցկեղ առաջացնող այնպիսի վարակներով, ինչպիսիք են հեպատիտ Բ-ն, Ց-ն և մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ): ՉՆ-ի տարածվածությունը և մահացությունը պայմանավորված են ախտորոշման անհասանելիությամբ և հիվանդության ուշ փուլերում բժշկական օգնության դիմելու հանգամանքով:
Հայաստանում ՉՆ-ից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ: Ընդհանուր մահացության կառուցվածքում այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (20.4%), արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո:
Վերջին 30 տարվա ընթացքում մահացության և հիվանդացության ցուցանիշներն աճել են 2-3 անգամ: 2018-ի դրությամբ Հայաստանում դիսպանսերային հսկողության տակ գտվող ՉՆ հիվանդների թիվը 43830 է, ամեն տարի գրանցվում է 8500 նոր դեպք: ՉՆ-ի 30-50%-ը կարելի է կանխարգելել և բուժել` վաղ հայտնաբերման պարագայում: Ցավոք, դեպքերի շուրջ 60%-ը հայտնաբերվում է III և IV փուլերում, որը մեծապես անդրադառնում է բուժման որակի և ապրելիության տևողության վրա:
Ըստ ՉՆ նոզոլոգիաների տարածվածության՝ կանանց շրջանում զգալիորեն բարձր է կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի պարանոցի և մարմնի հիվանդացությունը և մահացությունը, տղամարդկանց շրջանում` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, ստամոքսի շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը:
Վերջին տարիներին թև՛ կանանց, թև՛ տղամարդկանց շրջանում, զգալիորեն աճել է ստամոքսի և հաստ աղու քաղցկեղով հիվանդացությունը, որը կարող է պայմանավորված լինել նստակյաց ապրելակերպով և անառողջ սննդակարգով: Քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել առողջ ապրելակերպի կանոնները.
• չծխել և արգելել Ձեր և Ձեր հարազատների կողքին ծխելը,
• լինել ֆիզիկապես ակտիվ,
• պահպանել առողջ սննդակարգ` սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը,
• խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից,
• կանխարգելիչ նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելել բժշկի,
• մասնակցել սկրինինգային հետազոտություներին,
• պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ: