SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգել է, որ «գլխի քերծված վերք, փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ բժիշկների հերթապահ խումբը Նաիրի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեորգի Թառոյանն է: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտից, որտեղ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Թառոյանը «7-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ տղան է, ով միայնակ չի եղել:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: