SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 4-ին, Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի փաստով։
Ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 16-ամյա Հ. Կ.-ն է, ով իրենց շենքի 4-րդ հարկի պատշգամբից վայր է ընկել։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե ինքնասպանության փորձ, պարզ կլինի քննության ընթացքում։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ավագ դպրոցի 10-րդ դասարանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: