ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին և նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին:
Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին. մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: Այսօր սույն գործով նշանակված էր նախնական դատական նիստ, սակայն այն չի կայացել:
armtimes.com-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Մինաս Մալխասյանն ասել է, որ Իգոր Խաչատուրովը հանդիսանում է այն հողատարածքի սեփականատերը, որի վրա ըստ հայցվոր կողմի ինքնակամ կառույցներ կան: «Մեր նպատակն այդ ինքնակամ կառույցները հողից հանելն է»,- ասաց ներկայացուցիչը: Մեր ճշտող հարցին, թե պատասխանողի կողմից են կառուցվե՞լ, Մինաս Մալխասյանն ասաց, որ փորձաքննություն պետք է նշանակվի՝ պարզելու արդյոք հողատարածքում առկա՞ են ինքնակամ կառույցներ, թե՝ ոչ և երկրորդ այդ կառույցները պատկանո՞ւմ են ինչ-որ անձի, թե՝ ոչ:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են որպես պատասխանող նշվել Սուրիկ Խաչատրյանն ու նրա կինը, հայցվորի ներկայացուցիչը պատասխանել է. «Կողքի հողատարածքի սեփականատերը հանդիսանում է Սուրիկ Խաչատրյանը»:
Ավելի մանրամասն՝ armtimes.com կայքում: