Նարինե Մկրտչյանը Քաղաքական լիգա է ստեղծում
Advertisement 1000 x 90

Նարինե Մկրտչյանը Քաղաքական լիգա է ստեղծում

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով քաղաքական լիգայի ստեղծման նախաձեռնության մասին:

«2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարևոր են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական համակարգի ապամոնտաժումը և օրինական ընտրությունների անցկացումը առանձահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ներկայի և ապագայի համար: Հարկ է ընդգծել նաև հեղափոխության բերած նոր հնարավորությունները և հեռանկարը Հայաստանի հասարակության և պետության և  հայ ժողովրդի միասնականության ապահովման գործում:

Միաժամանակ մատնանշելով՝

– հեղափոխության տեղապտույտի առկա վտանգը, կառավարման անարդյունավետությունը, անհասկանալի կադրային քաղաքականությունը, նոր իշխանությունների պրոֆեսիոնալիզմի մեծ պակասն ու քաղաքական անփորձությունը,

– կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրության վտանգները նոր, արդյունավետ և իշխանությունների տարանջատումն ապահովող պետություն կառուցելու ճանապարհին,

– նոր ձևավորված խորհրդարանում պառլամենատարիզմի բացակայությունը,

– դատաիրավական համակարգում փոփոխությունների  դանդաղումը,

Արձանագրելով՝

– բոլոր ոլորտներում համակարգային, հայեցակարգային մոտեցումների բացակայությունը,

– քաղաքական դաշտի անկատարությունը, գործող օրենսդրության վտանգները այդ դաշտի կայացման համար,

Հաշվի առնելով՝

– գլոբալացող աշխարհի մարտահրավերները ազգային ինքնության և արժեքների համար,

Տագնապելով՝

– Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքներից, ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ռուսական գործոնի և ուղղության վտանգահարույց ներկայությունից և թելադրանքից,

– Հայաստանի եվրաինտեգրման դանդաղումից,

– ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ոչ հայանպաստ լուծման հնարավորությունից,

Ես՝ ՀՀ քաղաքացի Նարինե Մկրտչյանս, կարևորելով ազատականությունը, ժողովրդավարությունը, Հայաստանի զարգացման արևմտյան ուղղությունը՝

Հայտարարում եմ՝

նոր քաղաքական պլատֆորմի՝ Քաղաքական լիգայի ստեղծման նախաձեռնության մասին:

Քաղաքական լիգայի առաջնահերթություններից է քաղաքական օրակարգի ձևավորումը, որի խնդիրներից են՝

– Հայաստանի ինքնիշխանության վերականգմանը նպաստող ծրագրի և գործողությունների հաջորդականության մշակումը:

–  Նոր Սահմանադրության նախագծի մշակման և հանրաքվեի անցկացման պահանջների հետապնդումը,

–  Նոր Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումն ամենամոտ ժամանակներում,

– Հայաստանի կառավարման արդյունավետության հանրային վերահսկումը:

Ազատ, արդար, օրինական, ժողովրդավարական, ինքնիշխան Հայաստանի կայացումը դառնալու է Քաղաքական լիգայի ճանապարհի ընտրությունը:

Քաղաքական լիգայում կարող են միավորվել անհատ քաղաքացիներ, կազմակերպություններ և կուսակցություններ»: