Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները փետրվարի 5-ի հետկեսօրին բաց ու երթեւեկելի են տրանսպորտային միջոցների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզի տարածքում երկու օր առաջ տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի վիճակ ստեղծվել էր ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար, սակայն ճանապարհաշինարարներին հաջողվել էր ապահովել ճանապարհների անցանելիությունը բոլոր ուղղություններում:
«Նախորդ օրերի ընթացքում պահանջված ծավալով կատարվել էին ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ, սակայն որոշ տեղերում առկա էր մերկասառույց, ինչն այսօր հիմնականում հալվեց դրական ջերմաստիճանի պայմաններում: Այս պահի դրությամբ ճանապարհները հիմնականում ազատվել են մերկասառույցից կամ ձյան ծածկույթից»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան