Ռուս մոդել Քրիստինա Սնեգովսկայան ավելի քան երկու տարի է` ապրում ու աշխատում է Հայաստանում. այստեղ նա իրեն զգում է ինչպես տանը։ Բացառիկ հարցազրույցում նա պատմել է, թե ամենից շատ ինչն է սիրում Հայաստանում և խոսել է ապագա ծրագրերի մասին։
«Ես ծնվել եմ Ռուսաստանում, ծնողներս ազգությամբ բնիկ ռուսներ են, նույնպես այնտեղից են։ Սկզբում ես չէի ուզում լքել Ռուսաստանը, հուզվում էի, բայց երբ եկա, այս երկիրն ինձ շատ դուր եկավ, նույնիսկ մայրիկիս բերեցի։ Հայաստանում սիրում եմ մշակույթը, մարդկանց, բնությունը, մրգերը։ Այստեղ մրգերը շատ համեղ են, լավ են։ Մի խոսքով` ես տպավորված եմ», – ժպիտով ասում է Սնեգովսկայան։
Քրիստինան մտադիր է հաստատվել այստեղ։ Նրա խոսքով` նույնիսկ Չինաստանում ուսումից հետո, ուր նա պատրաստվում է մեկնել մոտ ապագայում, նա կվերադառնա Հայաստան։
«Ծնողներս ապրում են այստեղ, և եթե մեկնեմ Չինաստան սովորելու, առայժմ չեմ որոշել` ինչ մասնագիտությամբ, ապա հետո, միևնույն է, կվերադառնամ Հայաստան։ Թեև դեռ հաստատ չեմ որոշել. հիմա մտածում եմ այստեղ մնալու մասին», – պարզաբանեց նա։
Հետագա աշխատանքի մասին նա առայժմ ոչինչ ասել չի կարող։
«Չգիտեմ` ինչպես կստացվի», – ասում է Քրիստինան։
Հարցին, թե որ ընկերությունների հետ է արդեն աշխատել, Քրիստինան պատասխանում է. «Համագործակցել եմ &A Stores, Pandora and Time, Harmont & Blaine, Faina, El Magazine, Mery Stepanyan, The Muse, Margarita Sargsyan, Khanjan, 2White և այլ ապրանքանիշների հետ»։
Խոսելով իր մասնագիտական ընտրության մասին` Քրիստինան խոստովանում է, որ ժամանակին ցանկացել է դերասանուհի դառնալ։
«Նման ցանկություն ունեի, բայց հիմա ոչ։ Դա իմը չէ», – ասում է մոդելը։
Մոդելի կարիերան շատ անսպասելի սկիզբ է ունեցել։
«Շատ հետաքրքիր էր։ Մայրս ուղղակի ուզում էր ընտանեկան ֆոտոսեսիա կազմակերպել ու մի լուսանկարիչ էր գտել։ Ես գնացի դիմահարդարման, և պարզվեց` դիմահարդարին դուր են գալիս իմ դիմագծերը։ Երբ մենք սկսեցինք լուսանկարվել, պարզվեց` լուսանկարչին դուր է գալիս, թե ինչպես եմ աշխատում լուսանկարչական խցիկի հետ։ Նա առաջարկեց ինձ շարունակել համատեղ աշխատանքը, և մենք սկսեցինք համագործակցել», – պատմում է Քրիստինան։
Սնեգովսկայան մոդելի աշխատանքի ամենաբարդ մասը համարում է անվերջ դիետաները։
«Ամենաբարդը ուտելիքից հրաժարվելն է։ Երբեմն շատ ես ուզում ինչ–որ համեղ բան ուտել։ Եթե աշխատում ես այս ոլորտում, ապա համեղ բաների մասին կարող ես մոռանալ։ Իսկ եթե խոսենք աշխատանքի գործընթացի մասին, ապա հավանաբար ամենաբարդը դիմահարդարումն է և նկարահանման ժամերը։ Երբ սկսում են շպարել, մոտ երկու ժամ նստում ես նույն դիրքում։ Շատ հոգնեցուցիչ է։
Նկարահանումները կարող են տևել 2-8 ժամ։ Դրանից հետո շատ հոգնած եմ լինում։ Հետո դժվար է, երբ գործընկերներիցդ մեկը չգիտի այն լեզուն, որով դու ես խոսում։ Դա ավելի է բարդացնում աշխատանքը։ Ընդհանուր առմամբ սիրում եմ նկարահանումների գործընթացը, կարծես ձուլվում եմ խցիկի հետ և անհավանական էյֆորիա զգում», – պատմում է Սնեգովսկայան։