
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որոշակիորեն ծանոթացա Կառավարության ծրագրին, որը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել Ազգային ժողովի հաստատմանը: Դեռևս ժամանակ կունենանք առավել մանրակրկիտ անդրադառնալու այդ կարևորագույն փաստաթղթին, ավելին, այդ նպատակով առաջիկայում ԶԼՄ-ների միջոցով հանրությանը կներկայացնենք մեր տեսակետները, այդուհանդերձ, ցանկանում եմ այժմ արձանագրել ընդամենը հետևյալը` շուրջ 8 ամիս է, ինչ խոսվում է «անցումային արդարադատության մասին»:
Կառավարության ծրագրում որևէ տող կամ ակնարկ այդ ծրագրի մեկնարկի, ռազմավարական հայեցակարգի, գործողության ժամկետի մասին, առկա չէ: Տվյալ դեպքում առնվազն պարզաբանման անհրաժեշտություն է զգացվում, թե արդյո՞ք փոխվել են Կառավարության մոտեցումներն ու պատկերացումները «անցումային արդարադատության» մասին, թե՞ ոչ, եթե այո՛, ինչո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ այդ գաղափարի մասին որևէ հիշատակում կամ որևէ ծրագրային դրույթ գոյություն չունի»: