Paddy Power Betfair ընկերությունը հայտարարել է վրացական շուկայում առաջատար դիրք ունեցող Adjarabet բուքմեյքերական ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 116 մլն եվրոյով գնելու մասին:
Ինչպես նշում է irishtimes.com կայքը, ընկերությունը ձեռք է բերել Adjarabet-ի բաժնետոմսերի 51%-ը: Ավելին, Paddy Power Betfair-ը պատրաստվում է արդեն ձեռք բերված համաձայնությունների շրջանակում երեք տարի անց գնել ընկերության բաժնետոմսերի մյուս մասը:
Բաժնետոմսերի գնումը Paddy Power Betfair-ին հասանելիություն կտա երկու գայթակղիչ, արագ աճող ու կանոնակարգվող շուկաներին (նկատի ունի վրացական և հայկական շուկաները):
Աղբյուրը մանրամասնում է, որ նախորդ տարի Adjarabet-ն ունեցել է 73 մլն եվրո եկամուտ, մինչդեռ հասույթը (չհանած տոկոսները, հարկերը, ամորտիզացիան) եղել է 23 մլն եվրո: Ըստ հաշվարկի՝ 2016-2018թթ. ընթացքում առցանց խաղերի վրացական շուկայում արձանագրվել է խաղային համախառն եկամտի աճ՝ 206 մլն եվրո: Մինչդեռ հայկական նորաստեղծ շուկայում երևում է հետագա աճի հեռանկարը:
«Այս գնումը համընկնում է առցանց խաղերի գրավիչ շուկաներում առաջատար դիրքերի հասնելուն ուղղված մեր մարտավարության հետ»,-նշել է Paddy Power Betfair գործադիր տնօրեն Փիթեր Ջեքսոնը:
Նա նաև նկատել է, որ Adjarabet-ի առաջատար դիրքն ու մենեջերական ուժեղ թիմն առցանց խաղերի արագ աճող ու կանոնակարգվող վրացական շուկայում բրենդի դիրքն ամրապնդել են որպես թիվ մեկը:
«Մենք վստահ ենք, որ մեր ընկերության տեխնոլոգիական և մարզական հնարավորությունների հետ մեկտեղ Adjarabet-ն ամուր հիմք կունենա իր հաջողության կառուցումը շարունակելու հարցում»,-եզրափակել է Ջեքսոնը: