Հայաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայտարարության մեջ նշված է.
«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես առաջնորդվել է և առաջնորդվում է արդյունավետ կառավարման և սոցիալական պատասխանատվության սկզբունքով՝ կարևորելով ու գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը:
Ավելին, հանրապետության նախագահի աշխատակազմում համապատասխան ընթացակարգով շարունակվում է թափուր հաստիքների համալրման գործընթացը: Հորդորում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածումից»: