Ազգային Ժողովի պատգամավորները տարօրինակ ոչինչ չեն տեսնում այն բանում, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում աշխատել ցանկացողները կարող են կրթություն ստանալ Ռուսաստանի համապատասխան ուսումնական հաստատություններում: «Ռուսական ծառայությունները, որոնք մատուցվել են դաշնակից երկրներին, այդ թվում ԱԱԾ, միշտ եղել են որակյալ»,- ըստ factor.am-ի՝ ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը։
Տեղեկացնենք, որ օրերս մեր ԱԱԾ-ն հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ կադրերի համալրման նպատակով կազմակերպում է մեր քաղաքացիների ուսուցումը Ռուսաստանի համապատասխան հաստատություններում։ Իշխանական պատգամավոր Գոռ Գևորգյանի համոզմամբ, սա խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է․
«Մենք, վերջիվերջո, չպետք է մոռանանք, որ Ռուսաստանի հետ համագործակցում ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ռուսաստանի հետ ներգրաված ենք նաև ԵՏՄ տարածաշրջանում։ Այսինքն՝ Ռուսաստանը, անկախ որևէ բանից, մեր կողմից պետք է ընկալվի հզոր դաշնակից»։
Պարոն Գևորգյանը վտանգավոր ոչինչ չի տեսնում այստեղ, ըստ նրա, մեր ԱԱԾ-ն արդեն իսկ նկատի է ունեցել հնարավոր սպառնալիքը, որ ռուսները կարող են հավաքագրել մեր ուսանողին։ Բայց նա չի ողջունում, որ ԱԱԾ-ն նման հայտարարություն է հրապարակել։
«Պարզապես, որ հիմա ամեն ինչը դարձել է շատ թափանցիկ, որը միգուցե էնքան էլ նպատակահարմար չէ, հաշվի առնելով այդ արված արտահայտության գաղտնիությունը, ստրատեգիական նշանակությունը, ուստի հասանելի է դարձել թե՛ լրագրողներին, թե՛ հանրությանը»,- պարզաբանում է պարոն Գևորգյանը։ Իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վահագն Հովակիմյանի համոզմամբ, վտանգավոր ոչինչ չկա Ռուսաստանի հատուկ ծառայությունների դպրոցներում սովորելու և Հայաստան վերադառնալու մեջ։
«Դրսում կրթվածը վաղը գալիս դառնում է նախարար, որը պետական գաղտնիքին տիրապետող անձ է, ինչ է, էդ դեպքում որ դրսում է կրթվել, մենք նրան նայենք որպես շպիո՞ն»,- տարակուսում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: