Քոչարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը
Advertisement 1000 x 90

Քոչարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

«Որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվել են: Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- ասաց Մուրադյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում էր դատավոր Մնացական Հարությունյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:



Նման նյութեր