Դավիթ Ամալյանը ծնվել է 1974թ. փետրվարի 1-ին, Երևանում: 1990թ. ավարտել է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 1982-89թթ սովորել է Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրի և շվիի դասարաններում, 1990-93թթ` Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի դասարանում: Ստեղծագործել է վաղ տարիքից: 1993-98թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնում:
1990-94թթ մասնակցել է արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետև` 5-րդ բրիգադի զորամիավորումներում: Երկրապահ կամավորական միության անդամ է: 1994թ-ից պարբերաբար կազմակերպել է «Ելին ի բոցոյն» խորագրով համերգային հուշ-երեկոներ` նվիրված զոհված ազատամարտիկներին: 2001թ. արժանացել է «Սայաթ-Նովա» երգի համահայկական մրցանակաբաշխության ժողովրդագուսանական նոմինացիայի գլխավոր մրցանակին: 2004թ. թողարկել է առաջին «Հոգու հնչյուն» ձայնասկավառակը: 2004-11թթ ունեցել է 4 հեղինակային մենահամերգ:
Հեղինակել է շուր 60 երգ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա: 2002թ. Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է իր` «Արծվաբույն» խորագրով պիեսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին: Մասնակցել է բազմաթիվ համերգների, պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական շքանշաններով՝ «Մայրական երախտագիտություն», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» և այլն:
Նյութի աղբյուրը` Yelaket.am