Ինքնասպանության մասին գրությունը կե՞ղծ էր. Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան գործով սառույցը շարժվեց. forrights.am
Advertisement 1000 x 90

Ինքնասպանության մասին գրությունը կե՞ղծ էր. Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան գործով սառույցը շարժվեց. forrights.am

Ապրիլյան պատերազմի հերոս, ապարանցի սպա, կապիտան Անդրանիկ Մկրտչյանը զոհվել է 2017 թվականի օգոստոսի 20-ին, Մեղրիի N զորամասում: Նրա մահը որակել են ինքնասպանություն, քրեական գործ հարուցելով քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը»: Հիմքը՝ կապիտան ծոցագրպանում հայտնաբերված կասկածելի գրությունն է, որը նա, իբր, գրել է մահից առաջ և որով խնդրում է իր մահվան համար ոչ մեկին չմեղադրել:

Անդրանիկ Մկրտչյանի հարազատները չեն ճանաչում իրենց որդու ձեռագիրը, թեև նշանակված ձեռագրաբանական փորձաքննությունը հաստատել է, որ դա Անդրանիկի ձեռագիրն է: Հարազատները նաև պնդում են, որ իրենց որդին գրագետ էր, մինչդեռ երկտողում քերականական սխալներ կան: Անդրանիկի աշխատասենյակում չի հայտնաբերվել այն գրիչը, թանաքի բաղադրությունը, որով գրվել է գրությունը: Սա նշանակում է, որ Անդրանիկը նման գրություն չէր կարող գրել:

Զոհված կապիտանի շահերը ներկայացնող փաստաբան Հայարփի Սարգսյանը պայքարում էր, որ նախաքննության մարմինը կրկնակի ձեռագրաբանական փորձաքննություն նշանակի: Վերջապես հասավ հաջողության: …. Այսօր Forrights.am-ի հետ զրույցում քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը հաստատեց տեղեկությունը: «Զոհված կապիտան Անդրանիկ Մկրտչյանի գործով նշանակված է կրկնակի դտաձեռագրաբանական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն», — ասաց նա:

Մոտ մեկ տարի Անդրանիկ Մկրտչյանի ծնողները բողոքում են շինծու վարկածի դեմ, որը նրանց հորինվածք է թվում, գոնե այն պատճառով, որ չէր կարող ապրիլյան պատերազմի հերոսը, հետախուզական վաշտի հրամանատարը, որը բազմիցս է բարդ իրավիճակներում հայտնվել, հանկարծ առանց պատճառի ինքն իրեն սպաներ:

Անդրանիկի մարմինը գտել էին վաշտի աշխատասենյակներից մեկում: Զենքի վրա, որից, իբր, կատարվել է կրակոցը, նրա մատնահետքերը չկան: Մահվան օրը կապիտանը տանն է եղել՝ Ապարանում, ծնողների հետ և զվարթ տրամադրությամբ մեկնել է զորամաս: Ամբողջ ճանապարհին մոր հետ խոսել է: Ու հանկարծ մի քանի ժամ անց ծնողները որդու մահվան լուրն են ստացել:

Ըստ դատաբժշկական եզրակացության, կապիտանի մարմնի վրա հայտնաբերվել են թվով 10 մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ և արյունազեղումներ, որոնք առաջացել են մահվանից առավելագույնը մինչև 1 օր առաջ: Իր հայրական տանը՝ Ապարանում, որևէ արտառոց միջադեպ նրա հետ տեղի չի ունեցել: Հետևապես կարելի է եզրակացնել, որ զորամաս մեկնելուց հետո Անդրանիկի նկատմամբ բռնություն է գործադրվել:

Դատախազությունը, քննիչները համառորեն երես են թեքում այս իրողություններից: Նախաքննության մեկ ու կես տարում զինդատախազության քննիչները ոչինչ չեն փոխել առաջին օրերին տրված խոցելի որակումից: Այդ որակումը՝ ինքնասպանություն, առաջինը բարձրաձայնել է զորամասի հրամկազմը՝ կապիտանի մահվան հետ կապված նրա ծնողներին տված բացատրությունում:

Քննիչները, զինդատախազությունը ոչ մի հույս չէին տալիս, թե կփոխեն իրենց մոտեցումը այս գործին: Սառույցը շարժվեց միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնց թվում էր նաև Անդրանիկ Մկրտչյանի հայրը՝ Արմեն Մկրտչյանը:

Դեկտեմբերին գործով նշանակվեցին լրացուցիչ հարցաքննություններ: «Անդրանիկի հայրը՝ Արմեն Մկրտչյանը լրացուցիչ հարցաքննության ժամանակ նորից է նշել, որ տեսել է որդու ծոցագրպանում հայտնաբերված գրությունը և կասկածում է, որ ձեռագիրն իր որդունը չէ, — ներկայացնում է փաստաբան Հայարփի Սարգսյանը, — ես էլ ինձ հետ բերել էի Անդրանիկ Մկրտչյանի ձեռագրերով տետր, որը նրա մայրն էր ինձ տվել; ես այն հանձնեցի քննիչին: Քննչական մարմինը, փաստորեն, բավարարեց մեր միջնորդությունը կրկնակի դտաձեռագրաբանական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Այն անցկացվելու է ոստիկանության փորձագիտական կենտրոնին»:

Հայարփի Սարգսյանն այս գործով նաև այլ միջնորդություններ է արել: Մասնավորապես, հաղորդում է ներկայացրել քննիչների կողմից իրեղեն ապացույցների ոչնչացման մասին: Սակայն նման հաղորդումներին և բողոքներին անդրադառնալու մեխանիզմի պայմաններում չի կարող արդյունավետ դատախազական հսկողություն իրականացվել:

«Ասենք, գլխավոր դատախազին բողոք եմ ուղարկում, հաղորդում հանցագործության մասին: Նա ուղարկում է զինդատախազին, նա ուղարկում է կայազորի դատախազին, նա էլ իր հերթին բողոքը ուղարկում է այն քննչական մարմնին, որը զբաղվում է տվյալ գործով: Սա բացարձակ աբսուրդ է: Ոնց որ քո դեմ բողոք լինի, բերեն քեզ տան, ասդեն՝ քննի, տես, ինչ ես անում», — ասում է փաստաբանը:

Սյուզան Սիմոնյան

forrights.am