Վահագն Գրիգորյանի հրապարակումը.
«Երևան, 2020թ․, N քրեակատարողական հիմնարկ։ X խցում իր պատիժն էր կրում նախկին պաշտոնյա Ոչթափանցիկյանը, ով դատապարտվել էր կոռուպցիոն հանցագործության համար։ Օրը ուրբաթ էր, նախկին պաշտոնյայի չսիրած օրը։ Ոչթափանցիկյանը լարված սպասում էր։ Գրպանից հանեց ծխախոտը։ Նայեց խցում կախված Արսեն Թորոսյանի պլակատին։ Արսեն Թորոսյանի դատապարտող հայացքը նրա մեջ ժամանակավորապես սպանեց ծխելու ցանկությունը։
Սովորականի պես ցերեկվա ժամը 3-ին բացվեց խցի դուռը։ Ներս մտան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
– Պարոն Ոչթափանցիկյան, մենք դատապարտում ենք Ձեզ։ Դուք հանցագործ եք և սրիկա։ Դուք արժանի չեք ապրելու։
Ոչթափանցիկյանը անտարբեր հայացքով նայեց խոսացողին։ Արդեն վարժվել էր։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դուրս եկան։ Ներս մտան մի խումբ պետական պաշտոնյաներ։
– Պարոն Ոչթափանցիկյան, մենք արհամարհում ենք Ձեզ։ Ձեր նմանները տեղ չունեն մեր երկրում։
Ոչթափանցիկյանը ոտքից գլուխ «չափեց» խոսացողին։ Նրա միտքը դատարկ էր։ Ուզում էր, որ շուտ վերջանա տհաճ պրոցեսը։
Պաշտոնյաները դուրս եկան։ Ներս մտան մի խումբ դպրոցականներ։
– Պարոն Ոչթափանցիկյան, մեզ ասել են, որ Դուք վատ մարդ եք։ Դուք հանցագործ եք։ Մենք Ձեզ չենք հարգում։
Ոչթափանցիկյանը գլուխը կախեց։ Մտածեց․ «Սահմանադրության մեջ ոնց-որ թե ինչ-որ բան կար գրած պատվի ու արժանապատվության մասին»։
Դպրոցականները դուրս եկան։ Ներս մտան մանկապարտեզի սաները։
– Ձյաձյա, դու փիս ես ու քխ։ Մեռի, մեռի, հիմար ձյաձյա։
Ոչթափանցիկյանը շունչ քաշեց։ Մոտենում էր տառապանքի ավարտը։ Ամեն դեպքում նա չէր հասկանում՝ մանկապարտեզի սաներին ինչու՞ են բերում խուց։
Մանկապարտեզի սաները դուրս եկան։ Ոչթափանցիկյանը խորը շունչ քաշեց ու նորից հանեց ծխախոտը։ Արսեն Թորոսյանի հայացքն էս անգամ չկարողացավ նրան խանգարել ծխելու հարցում։
Տառապանքը վերջացավ, մինչև հաջորդ «հասարակական պարսավանքի սեսսիան» մի ամբողջ շաբաթ կար։
Հատված կառավարության ծրագրից՝ ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման»: