ԱՄՆ-ում հարգել են բոլոր զոհված աստղագնացների հիշատակը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում հարգել են բոլոր զոհված աստղագնացների հիշատակը

Միացյալ Նահանգներում անցկացվել են Զոհված աստղագնացների հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչության (NASA) ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ միասին Վաշինգտոնի արվարձանի Առլինգթոնի ազգային գերեզմանատանը ծաղկեպսակներ են դրել Challenger և Columbia տիեզերանավերի անձնակազմերի հիշատակին կանգնեցված հուշահամալիրին:

«Այսօր մենք հիշում ենք «Ապոլոն-1»-ի, Challenger-ի և Columbia-ի անձնակազմերին, ինչպես նաև NASA-ի ընտանիքի մյուս բոլոր անդամներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն տիեզերքի ուսումնասիրման NASA-ի առաքելության: Մենք խորապես երախտապարտ ենք նրանց բոլորին և միշտ հարգելու ենք նրանց ժառանգությունը»,- հայտարարել է ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչության ղեկավարը:

Զոհված աստղագնացների հիշատակի օրվա առթիվ հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք հարգում ենք այդ համարձակ տղամարդկանց ու կանանց ժառանգությունը,- ասված է այն հայտարարության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից,- Մենք պարտավորվում ենք շարունակել այն հավակնոտ ապագայի կառուցումը, որը նրանք ցանկանում էին ամբողջ մարդկության համար»: Հիշատակի օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվել նաև Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանում Ջոն Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնում: Այնտեղ տեղադրված սև գրանիտե 12-մետրանոց պատի պատվանդանին, որի վրա փորագրված են ամերիկացի բոլոր այն 24 աստղագնացների անունները, որոնք զոհվել են դեպի աստղեր ճանապարհորդության կամ Երկրի վրա տիեզերական թռիչքներին պատրաստվելու ժամանակ, փետրվարի 7-ին ծաղկեպսակներ ու ծաղկեփնջեր են դրվել: Հիշատակի միջոցառումներ են կայացել NASA-ի նաև մյուս կենտրոններում ամբողջ երկրում, որտեղ նաև խոնարհված էին դրոշները:



Նման նյութեր