«Սիրիա զորք ուղարկելը ողբերգական եւ քաղաքական դաշտում հանցագործության եզր ունեցող սխալ է, սա խոշորագույն խնդիր է, որը մեր հասարակությունը չի գիտակցում, իսկ դրա պատճառն այն է, որ նոր իշխանությունները փորձում էին կոծկել այդ խնդիրը եւ առայժմ դա նրանց հաջողվում է»,- Henaran.am ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու նախաձեռնությանը, ասաց « Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ հիմնադիր անդամ Տիգրան Խզմալյանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա՝ Հալեպ: Այս մասին Ֆեյսբուքում գրել էր Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Խզմալյանն ասում է, ամռան ամիսներից սկսած եւ հատկապես սեպտեմբեր-հոկտեբեր ամիսներին բազմիսց ահազանգել են խնդրի մասին եւ անգամ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ նախաձեռնել: Նրա խոսքով, վտանգենրն ակնհայտ են: «Հայաստանը սրանով հակադրվում է քաղաքակիրթ աշխարհին՝ Միացյալ Նահանգներին եւ Արեւտյան ռազմական դաշինքին, որը Սիրիայում Ռուսաստանին հակառակ նպատակներ էր հետապնդում: Այս քայլով Հայաստանի իշխանությունները Պուտինին հաճույք պատճառելու, քծնելու համար վտանգի տակ են դնում մահմեդական երկրներում ապրող հայերի անվտանգություն: Վստահ եղեք, որ մեր թշնամիները չեն վարանելու սա կրոնական քողի տակ արված գործություն ներկայացնելուց եւ Արեւելքից մինչեւ Կենտրոնական ասիա ապրող հայկական համայնքները թիրախ են դառնալու իսլամական ծայրահեղականների համար»,-ահազանգում է Խզմալյանը
Խզմալյանի խոսքով, այս խնդիրներն անտեսելն անհնար է եւ դժվար թե մեր կառավարությունը դա չգիտակցեր. «Ժամանակին ինչպես կռահում էինք եւ ինչպես ամիսներ առաջ հաստատեց Լուկաշենկոն, Սերժ Սարգսյանին էլ է առաջարկ եղել եւ նա հենց այս պատճառներով մերժել է Պուտինի հորդորը: Թե ինչու է դա պետք Պուտինին, նույնպես պարզ է, հասկանալի է, որ սակրավորների քանակությունը ռազմական առումով նշանակություն չունի, բայց դա ահռելի քաղաքական նշանակություն ունի, որովհետեւ, ես վախենում եմ, որ մեր տղաներին ներքաշելու են մի արյունոտ գործողության մեջ, որն ամենաուժեղ կապերով է հաստատելու հայ-ռուսական չարաբաստիկ կապը՝ արյունով: Եթե այդ խարանը ընկնի հայոց բանակի վրա, իսկ ռուսները իրենց զոհերի մասին չեն բարձրաձայնում, եթե դրան ավելանան արդեն ոչ թե հայազգի, այլ ՀՀ քաղաքացիներ, սա թալակ է. պաշտոնական Երեւանը եւ ոչ միայն պետությունը, այլեւ ողջ հայ ժողովուրդը՝ համայնքներով հանդերձ, ներքաշվելու է շատ վտանգավոր զարգացումների մեջ»:
Խզմալյանի խոսքով, այստեղ քաղաքակրթական խնդիր էլ կա: Հայաստանը հայտնվել է Վենեսուլայում տեղի ունեցած գործընթացները չճանաչող երկրների թվում , որտեղ նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան է, իսկ Սիրիայի պարագայում, մենք միակ պետությունն ենք, որը Ռուսաստանի հետ միասին է գործելու: Ըստ Խզմալյանի այս քայլը Հայաստանին որեւէ բան , բացի Պուտինին հաճոյանալուց չի տալու, որեւէ այլ՝ ռազմավարական , քաղաքական կամ տնտեսական նպատակ լինել չի կարող:
«Սա ամենասարսափելին է, որը կարելի է պատկերացնել: Ստացվում է, որ նախին իշխանությունն ավելի խոհեմ է գտնվել եւ հրաժարվել է այդ քայլից, դրա վկակյությունը Լուկաշենկոյի հայտարարությունն է, որը չի հերքվել եւ սա աններելի է»,-նկատում է Խզմալյանը:
Հավելենք, որ ՊՆ խոսնակը նշել է, որ հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: