Սիրիայում հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելությունը բացառիկ կարևոր նշանակություն ունի: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով, այդ քայլի կարևորությունը հասկանալու համար պետք է ընդգծել մի քանի կարևոր հանգամանք:
«Նախ պետք է դիտարկել Սիրիա-Հայաստան կամ հայ և սիրիացի ժողովուրդների պատմական բարեկամական հարաբերությունները: Հաջորդ կարևոր հանգամանքը Հայաստան-սիրիահայ համայնք կապն է, երրորդը՝ Հայաստանի միջազգային հեղինակությունն է, ինչը չափազանց կարևոր է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Արաբագետը նշեց, որ այս քայլը սիրիական հակամարտության հարցում Հայաստանի՝ բավական հավասարակշռված դիրքորոշումը նոր որակական փուլով շարունակող գործողություն է: Նա հիշեցրեց, որ դեռ 2011 թվականին, երբ սկիզբ առավ հակամարտությունը, Հայաստանի հասարակության ուշադրությունը սևեռվեց Սիրիայի վրա, որովհետև այն բավական կարևոր երկիր է ՀՀ-ի համար:
«Սիրիան մեզ համար որպես կարևոր գործընկեր է արաբական աշխարհում, դա պետք է դիտարկել նաև հայ և սիրիական ժողովուրդների բարեկամության տեսանկյունից: Երբեք չպետք է մոռանալ այն, որ ժամանակին սիրիացի ժողովուրդն իր ձեռքն է մեկնել ողբերգական իրադարձություններ ապրած մեր ժողովրդին: Մեզ համար կարևոր է այն, որ Սիրիայում գտնվել է ու շարունակելու է գտնվել պատկառելի թվով հայ համայնք»,-ասաց նա:
2011-2018 թվականների ընթացքում Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումը դրական չեզոքության մոտեցումն է՝ հիմնականում պահպանելով շփումը Սիրիայի կառավարության հետ: Միջազգային իմիջի առումով բավական հետաքրքիր իրողություն է: Ըստ արաբագետի՝ Հայաստանի քայլը ժամանակի ընթացում միջազգային հանրության արժանի գնահատականին կարժանանա:
«Այսօր այնպիսի ժամանակներ են, երբ մարդկությունը բախվում է բավական լուրջ հումանիտար աղետների, երկրները կանգնած են ռեսուրսների բացակայության առջև: Հայաստանը, լինելով համեմատաբար սահմանափակ հնարավորությունների տեր երկիր, այսպիսի կարևոր գործառույթ է իրականացնում: Սա շատ կարևոր հանգամանք է: Հայ մասնագետների ներկայությունը, հատկապես Հալեպում, համակողմանի նշանակության մարդասիրական քայլ է, ինչը դրական ազդեցություն է ունենալու»,-ասաց արաբագետը:
Խոսելով հնարավոր խնդիրների մասին՝ արաբագետը նշեց, որ ռիսկային իրավիճակը կապված է խմբի անվտանգության հետ: Դեռևս կա ահաբեկչական որոշակի վտանգ, խնդիրը դեռ չի հանգուցալուծվել:
«Բայց պետք է նշել, որ այս նախաձեռնության մասին հայտարարվեց կես տարի առաջ: Կես տարի ձգձգումը, կարելի է ենթադրել, որ պայմանավորված էր հայկական կողմից անվտանգության երաշխիքների ձեռքբերման հետ: Այն շրջանը որտեղ գործելու են մեր մասնագետները էականորեն անվտանգ է»,-ասաց նա: