«Կիլիկիայի զինանշանը՝ 1509 թվականի պորտուգալական մանրանկարում». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«Կիլիկիայի զինանշանը՝ 1509 թվականի պորտուգալական մանրանկարում». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Կիլիկիայի զինանշանը՝ 1509 թվականի պորտուգալական մանրանկարում»

Կիլիկիայի զինանշանը՝ 1509 թվականի պորտուգալական մանրանկարում

Հայ ժողովրդի պատմության ընթացքում բացառիկ դեր է խաղացել Կիլիկիայի հայկական պետականությունը, որը ստեղծվել և գոյատևել է Միջերկրական ծովի ափին, Փոքր Ասիայի հարավ-արևելքում, 1080 թվականից` 1375-ը: Մինչև 1198 թվականն այն հայտնի է եղել է որպես մեծ իշխանապետություն, այնուհետև հռչակվել է թագավորություն:

Ներկայացնենք մի բացառիկ մանրանկար, որը պատկերում է Կիլիկիայի Հայկական թագավորության զինանշանը: Այն տեղ է գտել պորտուգալական «Զինանշանների գիրք» («Livro do Armeiro-Mor») 1509 թվականին ստեղծված ձեռագիր մատյանի 19-րդ էջում: Մանրանկարի ստորին մասում առկա է «Հայաստանի թագավորություն» («Rei d Ermenia») մակագրությունը:

«Զինանշանների գրքում», որը 16-րդ դարի առաջին կեսի հերալդիկայի հանրագիտարան է համարվում, ներկայացված են Եվրոպայի և հարակից տարածքների թագավորական, իշխանական, նահանգային և տարբեր այլ զինանշաններ: 161 էջից բաղկացած պորտուգալական միջնադարյան մանրանկարչության այդ գլուխգործոցը պահվում է Լիսաբոնում՝ Պոլտուգալիայի ազգային արխիվում:

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կիլիկիան կարևորագույն դեր խաղաց հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ առաջին հերթին հայկական պետականության պահպանման առումով: Կիլիկյան Հայաստանն իր քաղաքական համակարգով, տնտեսական զարգացման ուղղվածությամբ և մշակույթով փաստացի միջնադարյան Եվրոպայի անբաժան մասն է հանդիսացել: Կիլիկիան եղել է տարածաշրջանի կայացած պետությունների շարքում, հավասարը՝ հավասարի հետ հարաբերվելով եվրոպական երկրների հետ՝ իր պետական կարգը գերազանցապես ձևավորելով այդ պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ: