Իրանագետ Վարդան Ոսկանյանի հրապարակումը.
«Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Իրանում ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերը հզորագույն միջոց են հասարակական տրամադրությունների վրա ազդելու համար։
Այս իմաստով ՀՀ վարչապետի՝ Իրան կատարելիք այցին ընդառաջ հսկայական կարևորություն ունի իրանական մեդիա տիրույթում հայկական և հայանպաստ հզոր ներկայության ապահովումը թե՛ դասական և թե՛ ոչ ստանդարտ ձևաչափերով, որոնցից առաջինն, ըստ իս, կարող է բաղկացած լինել տպագիր և հեռարձակում իրականացնող իրանական ԶԼՄ-ներով վարչապետի հարցազրույցներից, իսկ երկրորդը՝ դիցուք, հենց վարչապետի համար գրեթե «բնական տարերք» հանդիսացող «Ֆեյսբուքի» կենդանի միացման հնարավորությունների օգտագործումից։
Ընդ որում, եթե առաջին դեպքում կարելի է անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների քաղաքական և տնտեսական բաղադրիչներին, ապա վերջին հարթակը հիանալի կլինի օգտագործել մեր ժողովուրդների հազարամյակների խորություն ունեցող պատմամշակութային ընդհանրությունների մասին կենդանի զրույցի ձևաչափով խոսելու համար, ինչը միանշանակորեն կբազմացվի նաև պարսկալեզու ԶԼՄ-ների տիրույթում՝ ուղղակիորեն ազդելով միլիոնավոր հասարակ իրանցիների մտքերի և, ինչու ոչ, սրտերի վրա»։