
Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է ավիաոլորտը՝ ավիատոմսերի գնային քաղաքականությունը վերանայելու համար: Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարին:
«Ավիատոմսերի գների հետ կապված Դավոսում մենք շատ լավ հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ, ով հիմա կառավարում է այն ընկերությունը, որը կառավարում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները: Շատ ուղիղ խոսակցություն ունեցանք, և նա ասաց, որ այստեղ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գների և մատակարարման համակարգի մեջ: Մենք հիմա շատ լրջորեն ուսումնասիրում ենք, թե այդ ոլորտում ինչ կարող ենք անել, որովհետև հնարավոր է, որ մենաշնորհային մեխանիզմների պատճառով է այդպես, բայց որ լրջագույն հարց է, դա միանշանակ»,- ասաց Փաշինյանը: