Գազի գինը Հայաստանում սպառողների համար 2019թ. չի բարձրանա: Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության և համակարգի օպտիմալացման խնդիր է դրել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին վստահեցրեց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Ես շատ հստակ հայտարարել եմ, որ գազի գինը չի բարձրանալու: Պետությունը գազ չի գնում, այն գնում է «Գազպրոմ Արմենիան»: Թե այն որքանով է գնում գազը, ուրիշ խնդիր է: Իսկ պետությունը գործ ունի սպառողների հետ: Եվ մենք ասել ենք, որ գազի գինը այս տարի չի բարձրանա: Եվ մեր բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց` այդ թեմայով բազմիցս ասել է` հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա հարցի քննարկման, նաև ԵԱՏՄ շրջանակում այդ թեմայի քննարկման անհրաժեշտութզուն կա: Նա վստահեցրեց` կառավարությունը պետք է այդ քննարկումներն անի և Հայաստանի շահերը պաշտպանենք:
«Մենք խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և այդ համակարգի օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Եվ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը: