Սոս Ջանիբեկյան–Մադոննա Հարությունյան զույգը հայկական շոու բիզնեսում ամենաքննարկվողներից է։ Նախորդ տարի զույգը դուստր ունեցավ ու չնայած շատերը չէին հավատում նրանց հարաբերությունների երկարատևությանը, վայելում են ընտանեկան կյանքի ջերմությունը։
Որպես կանոն` Մադոննան երկար չի խոսում Սոսի հետ հարաբերությունների ու ընտանիքի մասին։ Ասում է` դժվար է խոսել այն ամենի մասին, ինչը զգայական դաշտում է։ Այս անգամ, սակայն, բացառություն է արել։ Նորաթուխ մայրիկը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն ընտանեկան կյանքի, դստեր ու նրա ծննդից հետո եղած փոփոխությունների մասին, այլև տրամադրել նոր ֆոտոշարքը 6 ամսական դստեր հետ։
-Մադոննա, երեխայի ծնունդը կյանքը գլխիվայր փոխում է։ Դու բավականին երիտասարդ տարիքում մայրիկ դարձար։ Քո կյանքն ինչպե՞ս փոխվեց Անաիսի ծննդից հետո։ Պատրա՞ստ էիր այդ փոփոխություններին։
-Մինչև երեխա ունենալը քեզ թվում է` պատրաստվում ես. ծննդատուն գնալու ճամպրուկդ պատրաստ է, երեխայի սենյակի բոլոր դետալներն իրենց տեղում են և, կարծես թե, մաման գիտակցում է, որ շուտով երեխա է ունենալու, ամեն ինչ պլանավորել է։ Մինչդեռ երեխայի ծննդից հետո պարզվում է, որ իրականում մաման պատրաստ չէ, չի պատկերացրել, թե իրենից ինչ է ներկայացնում երեխայի պատասխանատվությունը։ Կարծում եմ՝ բացառություն չեն նույնիսկ այն ծնողները, որոնք երկար տարիներ պլանավորում են երեխա ունենալ։
–Ամուսնական կյանքը երկար չի տևի առանց փոխզիջումների։ Սոսը միշտ ասում է, որ կինը պետք է ավելի զիջող լինի։ Ո՞վ է ավելի շատ զիջում։
–Զիջումների պետք է գնաս, սակայն ես համաձայն չեմ, որ կինը պետք է միշտ զիջող լինի։ Իսկ ո՞վ է ասել, որ այդպես պետք է լինի։ Ես այնքան մարդ եմ, որքան տղամարդը։ Կարծում եմ` երկուսն էլ պետք է զիջեն, էգոյի կռիվ չպիտի լինի։
–Սա հարաբերությունների մասին շատ լավ թեզ է, բայց ինչպե՞ս է լինում իրականում։
–(Ծիծաղում է, հեղ.) ես էլ եմ զիջում, նա էլ։ Ժամանակի ընթացքում իրար ավելի լավ ենք ճանաչում, հարմարվում, գտնում կոմպրոմիսներ և փորձում մեր էգոները դնել մի կողմ։ Մինչև ընտանիք կազմելն այլ է։ Ընկեր–ընկերուհու կռիվներն ու դժվարություններն այլ են, ընտանիքում` այլ։ Ուրիշ մոտեցումներ են պետք, էգոն առաջին տեղում դնելով, հեռու չեք գնա։
-Երբ դու աշխատանքի ես, Սոսը կարողանո՞ւմ է գլուխ հանել երեխայի խնամքից, թե՞ տատիկներն են զբաղվում խնամքով։
-Հիմնականում տատիկներ են զբաղվում, որովհետև Սոսը նույնպես աշխատանքի է լինում, բայց Սոսն էլ երեխային ինքնուրույն խնամելու փորձ ունի։ Ես զարմացած էի, բայց առաջին մեկ–երկու անգամը, երբ առաջարկեց մնալ երեխայի հետ, ընթացքում նույնիսկ չզանգահարեց հարցնելու, թե ինչ է պետք անել։ Ամեն ինչից գլուխ էր հանել։ Եկա տուն, տեսա, որ նույնիսկ քնեցրել էր երեխային։) Ապշած էի։
Ամբողջությամբ՝ life.tert.am