Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը դեռ չի շտապում տեղեկություններ հաղորդել նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետների մասին:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Հայաստան այցի ժամկետների վերաբերյալ առայժմ հստակեցումներ չկան: Էմանուել Մակրոնն իր այցի մասին հայտնել է փետրվարի սկզբին Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ»,- այս մասին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան լրատվական ծառայությունից:
ՀՀ ԱԳՆ-ից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ նման կարգի այցերի ժամկետների համաձայնեցման դեպքում երկու կողմերի գերատեսչությունները համակարգված ձևով տեղեկացնում են: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին, որին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա այդ օրն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: