Պետական պատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հրամանի նախագիծը պատրաստվում է։ Կծախսվի հավելյալ մոտ 50 մլն դրամ։
«Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ի հավելումն մեր կողմից արդեն իսկ այս ուղղությամբ կատարված քայլերի, նախատեսում ենք կրկնակի բարձրացնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները, որպեսզի հիվանդանոցները կարողանան պատշաճ և որակյալ բուժօգնություն ցուցաբերել այս մասով»,- նշված է նախարարի գրառման մեջ:
Ամբողջ աշխարհը 2002 թվականից ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա: Մանկական բոլոր քաղցկեղների գրեթե 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է մոտ 75-80% կատարյալ առողջացում մանուկների մոտ։
Մանկական տեղակայված ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտ 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները Կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները, երիկամի ուռուցքներն են։
Ներկայումս Հայաստանում հնարավոր է դարձել իրականացնել այս երեխաների լիարժեք բուժումը ստանդարտացված ամերիկյան և եվրոպական սխեմաներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։
2018 թվականից հայ երեխաներին հասանելի դարձավ նաև ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։