Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արված, գրում է Ermenihaber-ը:
Կայքը ֆիքսել է եկեղեցու պատերին արված գրաֆիտիները:
Ուշագրավ է, որ եկեղեցու պատերին հանդիպում է «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամանաակտիվ խմբերից մեկը:
Քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:
Տարիներ առաջ նույնպես այս եկեղեցու պատերը պղծվել էին: Չնայած 2018-ին այդ գրառումները կապույտ ներկով քողարկվել էին, այնուամենայնիվ, այսօր պատերը նորից լի են գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ:
Բացի այդ, նախորդ տարվա ապրիլին Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում էր հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»: