Ձե՞ռ եք առնում. Մարուքյանն՝ Ագրարային համալսարանի ռեկտորից հրապարակային ներողություն խնդրելու մասին. aysor.am
Advertisement 1000 x 90

Ձե՞ռ եք առնում. Մարուքյանն՝ Ագրարային համալսարանի ռեկտորից հրապարակային ներողություն խնդրելու մասին. aysor.am

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում հրապարակային ներողութուն խնդրել Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանից, ով նման պահանջ է ներկայացրել այսօր տարածած հայտարարության մեջ՝ Մարուքյանին մեղադրելով բուհի հասցեին ապատեղեկատվություն տարածելու համար։

«Ձե՞ռ եք առնում»,- Aysor .am-ի հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց պատգամավորը՝ շեշտելով, որ միանշանակ չի պատրաստվում ներողություն խնդրել վերոնշյալ անձից։

«Ես հարց ունեմ. Ագրարայինի ռեկտորը հերքո՞ւմն է, որ բուհի հոգաբարձուների խորհուրդը թարմացվել է և «Իմ քայլից» մարդիկ են ներառվել, որ ինքը նշանակվի։ «Իմ քայլից» մարդ կա՞ խորհրդում, թե չէ։ Երկրորդ հարցը. Ագրարային համալսարանի ռեկտորը հերքե՞լ է, որ բուհի կանոնակարգը փոխվել է, որ ինքը ռեկտոր նշանակվի», – ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է 300 հոգու աշխատավարձերի բարձրացմանը, ապա պատգամավորն ասաց, որ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը մնացել են նույնը՝ 178 հազար դրամ, մինչդեռ քարտուղարուհու աշխատավարձը 190 հազար դրամ է։

«Այսինքն՝ ես պրոֆեսորադասախոսական կազմի շահերն եմ պաշտպանում։ Ամեն դեպքում, եթե ոմանց աշխատավարձերը 5 հազար դրամով բարձրացրել է, իսկ իրենը՝ 300 հազար դրամով, դրանք, կարծում եմ, տարբեր պատմություններ են։ Ներողություն պահանջելու փոխարեն նա պետք է ապացուցի, որ արդարացիորեն է նշանակվել։ Ագրարայինի ռեկտորը նաև պետք է հիմանվորի, թե ինչպես է գնահատում իր աշխատանքը, որ որոշել է ՀՀ նախարարից, ԱԺ պատգամավորից, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահից բարձր աշխատավարձ ստանալ», – ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը տարածած հայտարարության մեջ նշել է, որ ընդհանուր առմամբ բարձրացվել է բուհի ավելի քան 300 աշխատակցի աշխատավարձ, ոչ թե միայն համալսարանի ռեկտորի ու պռոռեկտորի քարտուղարուհու աշխատավարձը։

Նա նաև վստահեցրել է, որ Ագրարային համալսարանին միացել է միայն հանուն երկրի կրթական շահի: «Երբևէ չեմ ունեցել և չունեմ հովանավորներ: Քաղաքական որևիցե կուսակցության չեմ անդամակցել և չեմ անդամակցում», – տեղեկացրել է Ուռուտյանը՝ պատգամավորից պահանջելով հրապարակային ներողություն խնդրել երեկ ԱԺ ամբինոից տարածած ապատեղեկատվության համար։

aysor.am