ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետի այդ որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում:
Ժաննա Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։
Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ, իսկ 2012-2015 թվականներին՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։
2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։
2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։
Մի շարք հրապարակումների հեղինակ է։ Անկուսակցական է։