Երևանի տրանսպորտային ցանցը 2020թ-ից կդադարի սպասարկել 450 միկրոավտոբուս: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Օրենքով նախատեսվում է միկրոավտոբուսների 15 տարի շահագործում, ավել իրավունք չունեն: Եվ միայն մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ օրական մոտ 900 միրոավտոբուս է սպասարկում Երևանը»,- ասաց Մարությանը:
Քաղաքապետի խոսքով` իրենք այժմ հարցի լուծումը գտնելու ճանապարհին են:
«Մենք այս պահին հրատապ կերպով փորձում ենք լուծել այս խնդիրները: Եթե մենք ասում ենք, որ նոր ցանցը երկու տարի հետո արդեն պատրաստ կլինի, մնում է հասկանալ, թե այս երկու տարին ինչ ենք անելու: Հարցի լուծման համար մի քանի ճանապարհ կա, կգանք ամենաօպտիմալ լուծմանը»,- նշեց քաղաքապետը: