Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ վճարովի հիմունքներով սովորող ուսանողները հնարավորություն են ստանում ուսման վարձը վճարել ամեն ամիս կամ եռամսյակներով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ կառավարությունն առարկություն չունի նախագծի վերաբերյալ:
«Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս վերանայման ու լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որում նախատեսված են կանոնակարգող դրույթներ՝ բուհերի ֆինանսավորման ու ուսանողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների մասով, ինչպես նաև կարիքավոր ուսանողներին, սոցիալական անապահովության չափանիշների ու առաջադիմության արդյունքների համակցմամբ, ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագիծը կներկայացվի Ազգային ժողով: