Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անգամ նրանք, ովքեր Խուան Գուայդոյին ճանաչել են որպես Վենեսուելայի նախագահ, շարունակում են նրան համարել ընդդիմության առաջնորդ։
Լսում եմ Նիկոլի խոսքը Աժ ամբիոնից, այլ տեղերում, անգամ կառավարության նիստերի ժամանակ ու տպավորությունն այնպիսին է, որ նա էլ, այսքան ամիսներ անց, դեռ մնում է ընդդիմություն։ Բայց քանի որ այլ իշխանություն չկա, դարձել է ընդդիմության ընդդիմություն։
Բոլորս հիշում ենք, թե քաղաքային ընտրություններում ինչ բուռն էր պայքարում վաղուց մերժված և ընտրությանը չմասնակցող սևերի դեմ։ Թվում էր, թե դա անազնիվ նախընտրական հնարք էր։ Բայց թերևս դա էլ էր «հավերժ ընդդիմադիրի» հերթական դրսևորումը։ Մեկ այլ դրսևորում է նախկինների հետ մշտական ու արդեն ձանձրացնող համեմատությունները։
Գուցե ժամանակի ընթացքում սա անցնի և վերջապես տեսնենք սեփական ծրագրերը իրականացնող Նիկոլին։ Եթե ոչ, ապա շատ շուտով կյանքն ամեն բան իր տեղը կդնի։
Իսկ մինչ այդ տարատեսակ ընդդիմադիրների մարտավարական խնդիրն է լինել այն «իշխանությունը», որին կկարևորի ու իր քննադատական ցասումը կուղղի «հավերժ ընդդիմադիր» Նիկոլը։ Դա է առայժմ հաջողության հիմնական չափորոշիչը»։