Վրեժ Սարուխանյան. «Անտեր խաչը զորավոր չի լինում»
Advertisement 1000 x 90

Վրեժ Սարուխանյան. «Անտեր խաչը զորավոր չի լինում»

Վրեժ Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից. «Հազար տարի առաջնորդ ենք փնտրում, այո՛, փնտրում…

Ախր ո՞վ է կորցրել, որ մենք էլ գտնենք… Ճիշտ ասած՝ մենք ենք հաճախ կորցրել ու մեզ հարց չենք տալիս՝ Էդ ո՞նց կորցրինք, ինչու՞… Գուցե ներսի ու դրսի թշնամի՞ն է օգնում… Ավելի շատ՝ ներսի թշնամին, որ ցեցի պես կաղնու բունը ուտում է և վերջում ինքն էլ սատկում տապալված կաղնու տակ: Առաջնորդ ծնում և մեծացնում են…

Առաջնորդը ծաղկի պես է, ցանել-տնկելը քիչ է, աճեցնելն է դժվար: Իսկ մենք փնտրում ենք պատրաստի առաջնորդ… Ախր առաջնորդը աճում է ծողովրդի հետ պայքարի մեջ և հենց ժաղովուրդն էլ ընտրում է էդ պահին… Եթե մի քիչ ուշացրեց, էդ առաջնորդը կդառնա ժամկետանց: Երբեմն էլ կիսատ ենք աճեցնում կամ հալածում ենք մինչև հեռանալը: Իսահակյանին հիշենք՝ «Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական…»:

Ծովում հայրենանվեր առաջնորդը լողում է իններորդ ալիքի վրա, հողի վրա առաջնորդը հողը մշակողի ու պաշտպանողի կողքին է, օդում առաջնորդը բազեի նման ժայռից սլանում է դեպի ժողովուրդը… Իսկ մենք միամտորեն որոնում ենք…

Մեծերը կհիշեն՝ տասնամյակներ առաջ փողոցներում էշով հնամաշ իրեր հավաքող մարդիկ էին շրջում, ամենուր երգեցիկ գոռալով՝ «Հին շո~ր, հին կոշի՜կ…»: Ոմանք հումորով ավելացրել էին՝ «Հին շո՜ր, հին կոշի՜կ, հին բոլշևի՜կ…»:

Թող ներող լինեն հին բոլշևիկները, ես ընդամենը մեջբերեցի անցյալի խոսքը: Դե եկեք հին առաջնորդ էլ որոնենք, կորած առաջնորդ… Ուրեմն՝ նախ առաջնորդ կորցնողին գտեք, որ ինքն էլ հուշի, թե ինչպես և որտեղ գտնեք ցանկալի առաջնորդին… Մեր կամքով ու երազած առաջնորդին չենք աճեցմում, իսկ եղածն էլ հիմնականում մեր երազային պատկերացումներով չի…

Հետո սկսում ենք այդ եղածին պոզ ու պոչ կպցնել՝ «Չէ՛, սա չի մեր ուզածը»… Ախր դա է ձեր աճեցրածը: Մեկ-մեկ էլ չգիտենք, թե ինչ է մեր ուզածը: Մենք դարերով բախտ ու ճակատագիր, մեր սրտով հզոր առաջնորդ ենք փնտրել… Իսկ երբ եղել է, տեր չենք կանգնել նրան: Չէ որ Տերն է խաչին դարձնում զորավոր… Անտեր խաչը զորավոր չի լինում: Այս խոսքը կոնկրետ մարդկանց չի վերաբերում, ուստի խնդրում եմ խոսքերս չքաղաքականացնել և ցեխարկումներով ու հայհոյանքով չզբաղվել՝ ակտիվիստ երևալու համար: Րոպեական հայրենասեր դառնալու լիմիտները վաղուց սպառվել են: Հայհոյելու ժամանակը տրամադրեք մտածելուն…

Հասկացեք, մինչև ժողովուրդն ինքը չաճի, ղեկավար չի կարող աճեցնել, իսկ մոլախոտի պակաս երբեք չի զգացվում… Նախ՝ ինքներս մեզ հաղթենք, հետո՝ թշնամուն… Իսկ առայժմ ցավոք միմյանց ենք հաղթում, որը մի բարդ բառով ինքնասպանություն է կոչվում… Չորոնենք, այլ աճեցնենք ու պահենք… Տերն է խաչին դարձնում զորավոր»:



Նման նյութեր