Այսօրվա դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով 702 հիվանդ կա, որոնց գերակշիռ մասը դեռևս շարունակվում է բաժին ընկնել 0-5 տարեկան երեխաներին: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելմանԱզգային Կենտրոնը:
Ըստ կենտրոնի տվյալների՝ փետրվարի 16-ի դրությամբ ՍՇՎ-ի եւ գրիպի իրավիճակի կայունացման միտումը դեռևս շարունակվում է:
Հոսպիտալներից առողջացումով դուրս է գրվել 147 պացիենտ, որից միայն 114-ը՝ Երևանի թիրախային մանկական հիվանդանոցներից: Կայունացում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 88 կանչ: Ինչ վերաբերում է պոլիկլինիկական դիմելիությանը, ապա սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 162 անձ:
Ներկայացված տվյալների հավաստիության պարզաբանման նպատակով Առողջապահության նախարարության կողմից շրջայցեր են իրականացվել Երևանի մանկական հիվանդանոցներում, ինչը ևս մեկ անգամ փաստում է առկա իրավիճակի և զարգացման միտումներին հետամուտ լինելու և արդեն իսկ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շարունակական իրականացման մասին:
Հարկ է նշել, որ մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքներին նպաստում են նաև ստացիոնար կազմակերպությունների անձնակազմի կողմից ամբուլատոր սպասարկումները:
Ինչ վերաբերում է ներկայումս հանրապետությունում շրջանառող հարուցիչներին, ապա պետք է նշել, որ համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: