20-րդ դարի խոշորագույն բանաստեղծուհիներից մեկը՝ արձակագիր և թարգմանչուհի Մարինա Ցվետաևան (1892-1941թթ.), սկսել է բանաստեղծություններ գրել ոչ միայն ռուսերենով, այլև ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով դեռևս 6 տարեկան հասակում: Իսկ 18 տարեկանում նրա հրատարակած առաջին իսկ ժողովածուն անմիջապես գրավեց հայտնի պոետների ուշադրությունը:
Մարինա Ցվետաևայի ճակատագիրը բավականին ողբերգականորեն է դասավորվել: Պատերազմն ու աղքատությունն իրենց զգացնել են տվել: Նրա երեխաներից մեկը 3 տարեկան հասակում սովից մեռնում է խնամքի կենտրոնում, ամուսնուն քաղաքական լրտեսության կասկածանքով գնդակահարում են, երկրորդ աղջիկը բռնադատվում է 15 տարով: Ցվետաևան որդու հետ էվակուացվում է Չիստոպոլ, ուր աքսորվում էր գրական մշակների մեծ մասը: Այնտեղ նրան խոստանում են գրանցում և աշխատանք: Նա պատրաստ էր անգամ ափսեներ լվացողի աշխատանք կատարել, սակայն անգամ այդ հնարավորությունը չի ունենում: Խորհուրդը որոշեց, որ նա կարող է գերմանական լրտես լինել: Ցվետաևային էվակուացիա ճանապարհող Բորիս Պաստեռնակը նրան ճամպրուկը տեղափոխելու համար պարան է տալիս՝ չկասկածելով անգամ, թե ինչ սարսափելի դեր պետք է խաղա այդ պարանը նրա կյանքում: Չդիմանալով նվաստացումներին՝ 1941թ. օգոստոսի 31-ին նա ինքնասպան եղավ՝ կախվելով նույն այդ պարանով: Ստորև ներկայացնենք Մարինա Ցվետաևայի մտքերը սիրո և կյանքի մասին, որոնք բացահայտում են նրա ողբերգական ճակատագրի ողջ խորությունն ու իմաստնությունը:
- Ես քեզ կսիրեմ ողջ ամառ. սա ավելի համոզիչ է հնչում, քան ողջ կյանքում-ը, և, գլխավորը, ավելի տևական ժամանակ է մատնանշում:
- Եթե դուք հիմա մտնեք ու ասեք, որ գնում եք երկար ժամանակով կամ հեռանում եք ընդմիշտ, կամ եթե ասեք, որ ինձ այլևս չեք սիրում, ես երևի ոչինչ էլ չզգամ, քանի որ ամեն անգամ, երբ Դուք մեկնում եք, ամեն ժամ, երբ չկաք, նույնն է, որ դուք ընդմիշտ չկաք ու ինձ այլևս չեք սիրում:
- Սիրահարվում ես օտարին, հարազատը սիրում ես:
- Հանդիպել հարկավոր է սիրո համար: Մնացած ամեն ինչի համար գրքեր գոյություն ունեն:
- Արվեստն ընդհանուր գործ է, այն, ինչ արարվում է, կատարվում է միայնության մեջ:
- Աշխարհում կան սահմանափակ քանակությամբ հոգիներ և անսահմանափակ քանակի մարմիններ:
- Սիրել նշանակում է՝ մարդուն տեսնել այնպիսին, ինչպիսին նրան մտածել է Աստված, բայց չեն իրականացրել ծնողները:
- Եթե ես սիրում եմ մարդուն, ուզում եմ, որ ինձ հետ նրա համար ամեն բան հիանալի լինի, անգամ, եթե դա հենց նոր կարված կոճակն է:
- Հաջողությունը հասցնելն է:
- Ի՞նչ կարող ես դու իմանալ իմ մասին, եթե դու ինձ հետ չես խմել ու չես քնել:
- Չկա երկրի երեսին երկրորդ քեզ նմանը:
- Ես չեմ ուզում տեսակետ ունենալ, ես տեսողություն եմ ուզում ունենալ:
- Լսիր և հիշիր: Յուրաքանչյուրը, ով ծիծաղում է ուրիշի դժբախտության վրա, հիմար է կամ ստոր արարած: Հաճախ՝ երկուսը միասին:
- Միակ բանը, ինչ մարդիկ չեն սիրում, այն է, որ դու, ի վերջո, առանց նրանց էլ կարողացար յոլա գնալ:
- Քանդակագործը կախված է կավից, նկարիչը՝ ներկերից, երաժիշտը՝ լարերից: Նկարչի կամ երաժշտի մոտ կարող է անշարժանալ ձեռքը, իսկ բանաստեղծի մոտ՝ սիրտը սոսկ:
- Կդիմանա, կսիրի: Սիրում եմ այս արտահայտությունը, միայն թե հակառակ կողմից:
- Իմ սիրած բաներն են երաժշտությունը, բնությունը, բանաստեղծությունները, միայնությունը: Սիրել եմ հասարակ ու դատարկ վայրեր, որոնք ոչ ոքի դուր չեն գալիս: Սիրում եմ ֆիզիկան, նրա՝ ձգողականության ու հրման հանելուկային օրենքները, որոնք այնքան նման են սիրուն ու ատելությանը:
- Մի բանում ես իսկական կին եմ: Բոլորին ու յուրաքանչյուրին չափում եմ իմ արշինով, նրանց շուրթերին դնում իմ խոսքը, իսկ կրծքի մեջ՝ զգացմունքներս: Այդ պատճառով էլ առաջին րոպեներին բոլորն ինձ համար բարի են, մեծահոգի, շռայլ, անքուն և խենթ:
- Ես մարդուն ավելի լավ եմ տեսնում, երբ նրա կողքին չեմ:
- Ոչ ոք չի ուզում և չի կարող հասկանալ մի բան, որ ես լրիվ միայնակ եմ: Ողջ Մոսկվան ընկերներս ու ծանոթներս են, բայց չկա մեկը, որ իմ կողմից լինի, կամ չի լինի, եթե ես չլինեմ:
- Տղամարդիկ կենդանիների նման չեն, նրանք ցավին չեն դիմանում: Երբ ցավը սեղմում է, նրանց աչքերը միանգամից այնպիսին են դառնում, որ ուզում ես ամեն ինչ անել, միայն թե դադարեն տառապել:
- Երազել՝ միասին, քնել՝ էլի միասին, բայց լաց լինել միայն միայնակ:
- Օ՜, Աստված իմ, իսկ ասում են, թե հոգի չկա: Իսկ իմ ի՞նչն է հիմա ցավում. ոչ գլուխս, ոչ ատամս, ոչ ձեռքս, ոչ կուրծքս: Ոչ, կուրծքս է ցավում, ավելի ճիշտ՝ կրծքիս մեջ՝ այնտեղ, որտեղով շնչում ես: Երբ խորը շունչ եմ քաշում, չի ցավում, բայց գրողը տանի, ի՞նչ եմ ասում, անընդհատ ցավում է, նվում անտանելիորեն:
- Մարդկայնորեն մենք երբեմն 10 հոգու էլ կարող ենք սիրել, անմարդկային կերպով՝ միայն մեկին:
- Ես ուզում եմ համեստ, մեռնելու աստիճան հասարակ բաներ՝ ասենք, որպեսզի, երբ մտնեմ սենյակ, մարդն ուրախանա ինձ տեսնելիս:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը