Ծննդօգնության հետ կապված վճարումներ չանել․ նախարարը՝ ոլորտի բարեփոխումների մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ծննդօգնության հետ կապված վճարումներ չանել․ նախարարը՝ ոլորտի բարեփոխումների մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ Ֆեյսբուքի իր ուղիղ եթերում անդրադարձել է ծննդօգնության ծառայություններին։ Նա նշել է, որ ծննդօգնության ծառայությունները շատ կարեւոր են երկրի առողջապահության, ժողովրդագրական ցուցանիշների համար։

Նախորդ տարվա հուլիսին նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը գնահատել է Հայաստանում ծննդօգնություն ցույց տվող բոլոր բուժհաստատությունները՝ 5 ամսվա ընթացքում։

«Ինչպես գիտեք՝ մենք ունենք առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի ծննդօգնություն ցույց տվող բուժհիմնարկներ։ Մակարդակների բաժանումը իր մեջ ներառում է սկսած հագեցածությունից, մինչեւ թե տարեկան քանի ծնունդ են նրանք ընդունում։ Կայացվել են որոշումներ բազմաթիվ բժշկական հաստատությունների մասով՝ սկսած մակարդակների փոփոխությունից, վերջացրած աշխատանքի հնարավորություն տալով կամ չտալով։ Ծննդօգնությունը այնպիսի սպեցիֆիկ ոլորտ է, որ եթե շատ քիչ են ծնունդներ ընդունվում, կարող է վատանալ որակը, ու շատանալ բարդացման դեպքերը եւ այլն»,- ասել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ Երեւանում 10 բուժհաստատություններ են եղել, որոնք ունեցել են երրորդ մակարդակ, սակայն չեն համապատասխանել այդ մակարդակին։

«Իմ հրամանով դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 3-ի, մնացած 7 ին տվել է 2-րդ մակարդակ»,- ասել է նա՝ նշելով, որ մարզային մի շարք ծննդատների մակարդակներ եւս փոխվել են։

«Բոլոր ծննդատներում օբյեկտիվ ուսումնասիրություններ են արվել եւ համապատասխան որոշումներ կայացվել։ 4 դեպքում կայացվել է յուրահատուկ որոշում, դրանք են՝ Բերդի, Աշոցքի, Մեղրիի եւ Ճամբարակի ծննդատները, որովհետև նրանք ունեն աշխարհագրական հասանելիության խնդիր»,- ասել է նա։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի պետական բյուջեով որոշվել է լրացուցիչ 700 միլիոն դրամ ծննդօգնության ծառայությունների համար։

«Դրա շրջանակներում կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամի, ինչպես նաեւ կեսարյան հատման գնի բարձրացում՝ 158 հազար դրամից 220 հազար դրամի։

Ստանում ենք ահազանգներ, որ ծննդօգնության ոլորտում գումարի ստվերային շրջանառություն կա, մենք սրանով փորձում ենք լուծել նաեւ այդ հարցը։ Ստանալով ադեկատ վարձատրություն՝  բուժաշխատողները ոչ մի հավելյալ ստվերային եկամուտ չպետք է ակնկալեն, իսկ ծննդկաններն ու նրանց հարազատները չպետք է տան այդ ստվերային եկամուտները»,- ասել է նախարարը։

Արսեն Թորոսյանը կոչ է արել ծննդօգնության հետ կապված վճարումներ չանել, քանի որ այն երաշխավորված է պետության կողմից։ Իսկ հավելյալ վճարումներ անելը, նախարարի խոսքով, միայն կարող է լինել ոչ բժշկական ծառայությունների համար։

bujinfo.am