Լուի Շևրոլեն ծնվել է 1878թ. Շվեյցարիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Շո դը Ֆոն փոքրիկ քաղաքում, ժամացույց սարքողի ընտանիքում: Այս վերջին հանգամանքն անկասկած բավականին մեծ ազդեցություն է թողել նրա վրա. դեռ մանկուց Լուին սիրում էր զբաղվել տեխնիկայով, հեծանիվներ էր քանդում ու հավաքում, դրանցով մրցումների մասնակցում:
Շևրոլեն կրթություն է ստացել Ֆրանսիայում: Նրա առաջին ծանոթությունը մեքենաների հետ տեղի է ունեցել հենց Ֆրանսիայում` «Մորս» ֆիրմայում: 1901թ. Շևրոլեն տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ հրապուրվում է ավտոմոբիլային մրցարշավով և շուտով դառնում բավականին հայտնի մրցարշավորդ: 5 տարի անց՝ իր առաջին ավտոմրցումների ժամանակ, Լուին հաղթում է այն ժամանակվա ամերիկյան մեծագույն մրցարշավորդ Բարնի Օլդֆիլդին:
1911-ին Լուի Շևրոլեն ՈՒ.Դյուրանտեի ակտիվ ֆինանսական աջակցությամբ սեփական նախագծով ստեղծում է իր առաջին ավտոմեքենան, որը կոչվում է նրա անունով: Այդ օրից ի վեր Շևրոլե անունը հավետ մտավ ավտոմոբիլի պատմության մեջ: 1911-ին ստեղծված Chevrolet Classic Six-ից հետո 1914-ին սկսվում են արտադրվել ավելի թեթև ու ավելի էժան մեքենաներ` Light Six-ը և Royal Mail-ը: Հենց այս մեքենաներն էլ մեծ ճանաչում բերեցին «Շևրոլե»-ին և համոզեցին Դյուրանտին` ուշադրությունը կենտրոնացնել հենց այս տիպի էժան ու թեթև մեքենաների լայնածավալ արտադրության վրա: Նոր մոդելը` «490»-ը, հայտնվեց 1915թ.: Այն արժեր ընդամենը 490 դոլար` հանրահայտ «Ford-T»-ից մի քիչ թանկ: Առաջին իսկ տարում վաճառվեց 13,6 հազար մեքենա, իսկ արդեն 1920-ին դրանց թիվը հասավ 150,2 հազարի: Ռեկորդային էր այս առումով 1940թ.` միլիոն վաճառված ավտոմեքենա:
1920 և 1921թթ. Շևրոլեն իր անունը կրող մեքենայով հաղթանակ է տանում 500-մղոն երկարությամբ ավտոմրցարշավներում:
Ինչ վերաբերում է Լուի Շևրոլեին, ապա նրան այնքան էլ չէր հրապուրում ավտոմոբիլային բիզնեսմենի դերը, և մի քանի տարի անց նա զիջեց Chevrolet ապրանքանիշի իր իրավունքներն ՈՒ.Դյուրանտին, որն էլ իր հերթին 1916-ին Chevrolet Motor Company-ն միավորեց «Ջեներալ Մոթորս»-ի հետ:
Շևրոլեն ստեղծում էր ոչ միայն սպորտային, այլև ուրիշ ավտոմեքենաներ: Նա ինքը հրապուրվում էր մոտորանավակներով: 1936թ.-ին Շևրոլեն աշխատանքի է անցնում «Ջեներալ Մոթորս» կոնցեռնի «Շևրոլե» մասնաճյուղում, որտեղ էլ ավարտում է իր օրերը իբրև սովորական ծառայող: Լուի Շևրոլեն մահացել է 1941թ.:
Մարտ 10, 2006