Ջրասուզակները մեծ դժվարությամբ Երևանյան լճում՝ 25մ խորությունից դուրս բերեցին այնտեղ հայտնված BMW-ն. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջրասուզակները մեծ դժվարությամբ Երևանյան լճում՝ 25մ խորությունից դուրս բերեցին այնտեղ հայտնված BMW-ն. shamshyan.com

Փետրվարի 18-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրասուզակները Երևանյան լճից մեծ դժվարությամբ ճոպաններով և հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերեցին այնտեղ սուզված BMW մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հայտնաբերվել է լճի ափից 50 մետր հեռավորության վրա և մոտ 25 մ խորությամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լիճն ավտոմեքենա է ընկել։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել թիվ 15 փրկարարական ջոկատը, այնուհետև՝ նույն ջոկատի 2-րդ մարտական հաշվարկը։ Ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Գասպարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երևանի բնակիչ Մուշեղ Մովսիսյանը դեռևս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 35 NF 415 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան լճի ափամերձ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել լիճը։ Մեքենան ամբողջովին սուզվել է։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, վարորդին էլ, մինչև փրկարարների ու ոստիկանների ժամանումը, օգնել էին քաղաքացիները։ Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com