Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կայցելի Հայաստան:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի շրջանակներում Երևան կժամանի Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, ով համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է: Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն:
Հունիսի 18-ին Վիսենտե Դել Բոսկեն, նրա բազմամյա օգնական Տոնի Գրանդեն, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսություններ կկարդան հայաստանցի մարզիչների համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ապահովել հնարավորինս մեծ թվով մարզիչների ներկայությունը դասախոսություններին: