
Ռուսաստանն իր զենքով նշանառության տակ կպահի ոչ միայն այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին և փոքր հեռահարության հրթիռներ, այլև, սպառնալիքի դեպքում՝ հենց ԱՄՆ-ը: Փետրվարի 20-ին այս մասին հայտնել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում:
Ռուսաստանը նաև կնախատեսի հայելային և անհամաչափ միջոցներ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, ասել է նա: «Ռուսաստանը մտադիր չէ առաջինը նման հրթիռներ տեղակայել Եվրոպայում: Բայց եթե դրանք արտադրվեն և մատակարարվեն Եվրոպա աշխարհամասին, իսկ ԱՄՆ-ը նման պլաններ ունի, ապա դա կտրուկ կսրի իրադրությունը միջազգային անվտանգության ոլորտում, լուրջ սպառնալիքներ կստեղծի Ռուսաստանի համար, չէ որ որոշ դասերի այդ հրթիռների մինչև Մոսկվա թռչելու ժամանակը կարող է կազմել 10 – 12 րոպե: Այդ դեպքում մենք հարկադրված կլինենք նախատեսել հայելային և անհամաչափ գործողություններ»,- նշել է Պուտինը: