Քաղցկեղով երեխաների քիմիաթերապիայի վճարումը կստանձնի պետությունը. նախարար
Advertisement 1000 x 90

Քաղցկեղով երեխաների քիմիաթերապիայի վճարումը կստանձնի պետությունը. նախարար

Մոտ ապագայում պետությունն ամբողջությամբ իր վրա կվերցնի օնկոլոգիական հիվանդություններով երեխաների քիմիաթերապիայի վճարումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանում այս ոլորտում առայժմ գործում է մասնակի համավճար. հիվանդ երեխաներին անհրաժեշտ քիմիաթերապիայի գումարի մի մասը վճարում է պետությունը, մնացյալ մասը լրացնում է պացիենտի ընտանիքը: Նախարարը նշեց, որ պետական բյուջեից հատկացվել է լրացուցիչ 50 մլն դրամ, որը հնարավորություն կտա լիովին ծածկել երեխաների քիմիաթերապիայի ծախսերը:.

Նախարարի խոսքով՝ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, օնկոլոգիական հիվանդությունները ըստ մահացության երկրորդ տեղում են, ուստի այս ոլորտը արժանի է սևեռուն ուշադրության և մի շարք քայլերի՝ սկսած այս ոլորտին ուղղված բյուջետային միջոցների մեծացումից, ավարտած այդ միջոցների ավելի նպատակահարմար օգտագործմամբ:

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում ընթացիկ տարվանից օնկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժումը ամբողջությամբ պետպատվերով կկատարվի: Այս տարի պետական բյուջեով հատկացվել է լրացուցիչ 700 մլն դրամ՝ ի հավելումն անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի: Դրանից բացի, մոտ 200 մարդ կարող է պետպատվերի շրջանակում ստանալ նաև ճառագայթային թերապիա:

med.news.am