Մոսկվայում մեկնարկել է շախմատի Աէրոֆլոտ միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց ,սակայն, պարտիաների ընթացքը դադարեցվել է:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Խնդիրն այն էր, որ ահազանգ էր ստացվել, որ Կոսմոս հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է:
Նմանատիպ ահազանգեր էին ստացվել, որ ականապատված է Օստանկինո հեռուստաաշտարակը, Կազանյան կայարանը և մի շարք այլ վայրեր:
Ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հետ զրույցում շախմատիստուհի Էլինա Դանիելյանը նշել է, որ սկզբում մասնակիցները կարծել են, թե սա ուսումնական ահազանգ է, սակայն րոպեներ անց եկել է հյուրանոցի տնօրենը և կարգադրել շտապ լքել շենքը: Մասնակիցներից ոմանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնել տաք հագուստ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ՌԴ ՊՆ և ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ անց պարզեցին, որ ահազանգը կեղծ է եղել: