Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից:
Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էր որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է:
Այսուհետև չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ, Նատալի-Ֆարմ ՍՊԸ Աստղիկ ԲԿ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Վանաձորի ԲԿ:
Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներից մեկն իր հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ Առողջապահության նախարարությունը երեկ մի խումբ հայտնի օնկոլոգների հետ քննարկել է քաղցկեղի անվճար բուժման հետ կապված հարցերը։ Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել հայտարարված ծրագիրը, ասել, որ այն իրատեսական չէ, և առնվազն սեպտեմբերին համակարգում կոլապս կառաջանա, քանի որ նախատեսված գնացուցակով հնարավոր չի լինի իրականացնել պետպատվերը։ Նշվում է, որ ծրագրին մասնակցելուց հրաժարվել են «Էրեբունի» և «Իզմիրլյան» ԲԿ-ները»: